ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Իշխանությունն ընդունում է եռյակի մարտահրավերը

Իշխանությունն ընդունում է եռյակի մարտահրավերը
17.10.2014 | 00:49

Հրապարակվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Հրապարակվել է նաև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) դրական եզրակացությունը: Սրանից կարող ենք եզրակացնել, որ ոչիշխանությունն ամենևին էլ մտադիր չէ տեղի տալու ընդդիմության պահանջին ու հրաժարվելու սահմանադրական փոփոխություններից կամ ինչպես ընդդիմությունն է ասում՝ իշխանության վերարտադրության մտադրությունից: Տրամաբանորեն եռյակը հոկտեմբերի 24-ին պետք է շատ ավելի արմատական ու գործնական հարթություն բերի իշխանափոխությանն ուղղված իր պահանջները: Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը կարևորում է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացվեն միայն հասարակական կոնսենսուսի հիման վրա: «Թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում: Ամեն դեպքում, համապարփակ սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն հասարակության մեջ լայն կոնսենսուսի հիման վրա»,- ասվում է հանձնաժողովի եզրակացության տեքստում: Քաղաքական կոնսենսուս այս պահին բացարձակապես գոյություն չունի, եթե, իհարկե, իշխանությանը մի հրաշքով չհաջողվի պայմանավորվածություններ ձեռք բերել ԲՀԿ-ի հետ: Հասարակական կոնսենսուսի մասին խոսելը նույնիսկ անիմաստ է, որովհետև ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն անտարբեր է գործընթացի հանդեպ, մանավանդ որ մարդիկ արդարացիորեն վստահ են, որ իրենց պրոբլեմների պատճառը սահմանադրության անկատարությունը չէ: Սահմանադրության փոփոխությունների բովանդակությունը դառնում է երկրորդական, եթե գործընթացը քաղաքական ու հանրային կոնսենսուս ապահովելու փոխարեն նոր հակադրության ու առճակատումների դաշտ է բացելու՝ կասկածի տակ դնելով անգամ նոր կամ փոփոխված սահմանադրության լեգիտիմությունը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ